ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մի խումբ գործիչներ իրավապահներին կոչ են անում քննել կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման տեղեկությունը

Մի խումբ գործիչներ իրավապահներին կոչ են անում քննել կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման տեղեկությունը

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ և զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու և առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաև, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարարակ-քաղաքական գործիչներ:

«Անհանդուրժողականության և ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է և կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների և քաղաքացիական բախումների։

Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման և կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին/։

Հակառակ պարագայում ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։ Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։

Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին և սադրանքներին։

Հայաստանում իշխանության փոփոխությունը և բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում և սահուն։

Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ

Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե

Արփինե Հովհաննիսյան - «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

Գևորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սիրանուշ Սահակյան - «Իրավական ուղի» ՀԿ

Գոհար Մելոյան - Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

Ռուբեն Մելիքյան - «Իրավական ուղի» ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան

Զարուհի Փաստանջյան - փաստաբան

Արծրուն Պեպանյան – քաղաքագետ

Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ

Սերժ Սրապիոնյան – գրականագետ»

 

  • Կիսվել: