Նոր որոշում, որի ընդունումը կնպաստի ՀՀ-ում տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի ներդրմանը, ստեղծմանն ու կիրառմանը
Գործադիրն ընդունել է «Տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի ստեղծման և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ներկայումս բացակայում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգ։ Մինչ օրս գործող ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր չափորոշիչները բավարար չեն ապահովում տվյալների անվտանգության դասակարգման, ռիսկերի վերլուծության, աուդիտի, ինչպես նաև կիբեռմիջադեպերի կառավարման մեխանիզմների ամբողջական կարգավորումը։ Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի ներդրմանը, ստեղծմանն ու կիրառմանը։ Մասնավորապես՝ պետական տեղեկատվական համակարգերում տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման միասնական չափորոշիչների հաստատմանը, տվյալների անվտանգության դասակարգման և ռիսկերի գնահատման համակարգված մեթոդաբանության կիրառմանը, ISO/IEC 27001 միջազգային ստանդարտին համապատասխան աուդիտային գործընթացների ինստիտուցիոնալացմանը, կիբեռմիջադեպերի կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման ընթացակարգերի իրավական կարգավորմանը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) ենթակառուցվածքի հզորացման հարցը։ Այն պայմանավորված է Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքի, որն ուժի մեջ է մտնում 2027թ. հունվարի 1-ին, պահանջներին համապատասխան ամբողջական նոր համակարգի մշակման և ներդրման, նոր տվյալների կենտրոնի, անձնագրային նոր համակարգի և պետական տվյալների փոխգործելիության նոր մոդելի ներդրմամբ։ Անձնագրային նոր համակարգի ներդրման՝ պետական-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ծրագրային և տեխնոլոգիական լուծումների տեղակայման համար անհրաժեշտ միջավայրը տրամադրում է ֆրանսիացի գործընկերը, իսկ հայկական կողմն ապահովում է ԲՊՌ-ի հիմնական սերվերային ենթակառուցվածքը։ Ըստ հիմնավորման՝ ԲՊՌ-ն նախատեսվում է զարգացնել որպես պետական տվյալների փոխանակման առանցքային ենթակառուցվածք և պետական տվյալների միասնական ու պաշտոնական աղբյուր։ Այդ մոտեցման շրջանակում պետական մարմինների տեղեկատվական համակարգերում տվյալների կրկնօրինակների պահպանումը աստիճանաբար կնվազի, և տվյալների ստացումն ու օգտագործումը կդառնա միասնական։ Արդյունքում՝ կձևավորվի ԲՊՌ-ի անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը, որը հնարավորություն կտա սպասարկել համակարգի ակնկալվող ծանրաբեռնվածությունը և ապահովել դրա հուսալի ու անխափան աշխատանքը։ Կստեղծվի նաև տեխնիկական հիմք պետական տվյալների փոխգործելիության նոր մոդելի ներդրման, ԲՊՌ-ի՝ որպես պետական տվյալների միասնական և պաշտոնական աղբյուրի հետագա զարգացման, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերում տվյալների կրկնօրինակների աստիճանական նվազեցման և վերացման համար։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է թվայնացման ուղղությամբ 42,000 հազար դրամը նախատեսել 2026 թ. պետբյուջեով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված համապատասխան միջոցառման ներքո՝ միջոցառման կատարող դիտարկելով Կադաստրի կոմիտեին: Հիմնավորման համաձայն՝ Ռիելթորական միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ում ռիելթորական գործունեության թափանցիկ, վերահսկելի և միասնական միջավայր ձևավորելու համար։ Անշարժ գույքի շուկայում գործարքների զգալի ծավալները կարևորում են ռիելթորական գործունեության ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը, մասնագիտական որակավորման և պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև գործարքների թափանցիկության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը։


