հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մգեցված ապակիների վերաբերյալ տուգանքն ազդելու է նաեւ ծառայողական մեքենաների վրա․ ՆԳՆ փոխնախարար

Մգեցված ապակիների վերաբերյալ տուգանքն ազդելու է նաեւ ծառայողական մեքենաների վրա․ ՆԳՆ փոխնախարար

Կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը, սակայն այն եղել է ավելի վաղ եւ չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Այս օրենքը որեւէ բացառություն չունի, ազդում է նաեւ ծառայողական ավտոմեքենաների վրա։ Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը։ Մենք ավելի վաղ ունեինք օրենքը, սակայն չունեինք հստակ ստանդարտացված սարքեր, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթանցելիության աստիճանը ստուգել։ Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։ Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն եւ կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ոստիկանությունը սարքերը ձեռք է բերել բարեփոխումների շրջանակում։

«Գաղտնիք չէ, որ Ոստիկանությունը միշտ չէ ժամանակակից միջոցներով հագեցված եղել։ Այս սպառազինության թարմացումները գլոբալ առումով սկսվեցին Ոստիկանության բարեփոխումների շրջանակում։ Քանի որ սկզբնական շրջանում ամբողջ Հանրապետության շրջանում չունեինք այդ սարքերից, տրամաբանական չէր լինի, եթե Երեւանում տուգանեինք քաղաքացուն, Կոտայքում՝ ոչ»,- նշեց նա։

Փոխնախարարը նաեւ հավելեց, որ ՆԳՆ-ն ունի օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է այսպես կոչված «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը դարձնել աճուրդային։

  • Կիսվել: