շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի դեսպանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտը բարեփոխելու Հայաստանի ջանքերը

Մեծ Բրիտանիայի դեսպանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտը բարեփոխելու Հայաստանի ջանքերը

Դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթեւացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը։ Այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի  դեսպան Ջոն Գալագերինի հետ հանդիպմանն ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։

Մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին:

Խոսելով՝ հանրային կառավարման բարեփոխումների մասին, նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենիշային է երկրի զարգացման համար եւ այն Կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Նախարարը նշել է, որ Արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով՝ ներկայումս իրականացվում են նաեւ թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը:

Հանդիպմանը՝ նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության եւ արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարեւորության մասին:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: