երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Մերձավանում զինված միջադեպի գործով երեք անձ կալանավորվել է, երեքը՝ տնային կալանքի տակ են

Մերձավանում զինված միջադեպի գործով երեք անձ կալանավորվել է, երեքը՝ տնային կալանքի տակ են

Մերձավանում զինված միջադեպի գործով մեղադրյալներից վեցն արգելանքի են վերցվել։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը  հայտնեց, որ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշենք, որ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել՝ 9 անձի նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

  • Կիսվել: