հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին. Ավետիսյանը՝ Բագրատ Սրբազանի հայտնի ձայնագրության մասին

Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին. Ավետիսյանը՝ Բագրատ Սրբազանի հայտնի ձայնագրության մասին

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրության մեջ նրա հետ զրուցող Հովհաննես Ավետիսյանն այսօր լրագրողներին ներկայացրել է ձայնագրության վերաբերյալ իր պարզաբանումները։

Նա նշել է, որ իր և արքեպիսկոպոսի քննարկումները վերաբերում էին բացառապես խաղաղ անհնազանդության և ոչ բռնի պայքարի կազմակերպմանը․

Ավետիսյանը, մասնավորապես, ասել է. «Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին։ Հարց է առաջանում՝ այդ խմբերն ինչի՛ համար են։ Շատ պարզ է․ նրա համար, որ փողոցում չլինի բռնություն, որ գործողությունները լինեն կազմակերպված, որևէ բան չջարդվի, որ ոչ մեկը վնասվածք չստանա։ Պրոցեսները պետք է լինեին խաղաղ, հանգիստ, անհնազանդության տրամաբանության մեջ»։

Նրա խոսքով՝  իրավապահ մարմինները հրապարակել են կտրտված ձայնագրություններ, փորձելով այն ներկայացնել այնպես, թե իբր պլանավորվել են բռնի գործողություններ․

«Ինձ մոտ հարց է առաջանում իրավապահներին․ եթե ամբողջ ձայնագրությունները, ոչ թե կտրտված, փաստում են, որ պլանավորվում էր ոչ բռնի պայքար, խաղաղ անհնազանդություններ, փողոցային պայքար՝ խաղաղ ճանապարհով հեղափոխության իրականացում, այն նույնը, ինչի մասին պարոն Փաշինյանը անընդհատ ասում է՝ եթե ինձ հետ համաձայն չեք, դուրս եկեք հեղափոխություն արեք, մենք էլ դա էինք պլանավորում։ Բայց եթե դուք բռնում եք մարդկանց, ապօրինի ցուցում տալով ձայնագրությունները կտրատում եք ու ներկայացնում այնպես, որ իբր բռնություններ են պլանավորվել, ապա այդ հեղափոխությունը ո՞նց պետք է անենք։ Հետո ասում են՝ եթե մարդիկ դուրս չեկան հեղափոխություն անելու, ուրեմն՝ համաձայն են իմ արածների հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մեջ ենք»,-նշել է նա՝ հավելելով, որ  շարժման նպատակը եղել է բացառապես խաղաղ հեղափոխություն իրականացնելու գաղափարը, և այդ գործընթացի մեջ բռնություն որևէ կերպ չի նախատեսվել։

  • Կիսվել: