երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արարատ Ավետիսյանը Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ

Արարատ Ավետիսյանը Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
 
48 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթել է Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 9:3 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Ավետիսյանը զիջել է ղազախ ըմբիշին:
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 2:3 հաշվով զիջել է հունգարացի մրցակցին: Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում գոտեմարտել է խորվաթ Լովրո Վիդովիչի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել, իսկ կիսաեզրափակչում զիջել է ռուս ըմբիշին:
 
Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանն էլ դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:
 
Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտություն է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:

  • Կիսվել: