ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք որևէ մեկին չենք վախեցնում, այլ խնդիր կա, երբ իրենք իրենց են վախենում որևէ օրենքի ընդունումից. Բադասյան

Մենք որևէ մեկին չենք վախեցնում, այլ խնդիր կա, երբ իրենք իրենց են վախենում որևէ օրենքի ընդունումից. Բադասյան

«Մենք որևէ մեկին չենք վախեցնում, այլ խնդիր կա, երբ իրենք իրենց են վախենում որևէ օրենքի ընդունումից կամ որևէ մեկը մտահոգություն ունի որևէ քրգործից, կամ հակակոռուպցիոն նոր գործիքներից մտահոգություն ունի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի քննադատական ելույթից հետո իշխանական պատգամավորները սկսել են  հիշեցնել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին, այսինքն, ստացվում է, որ այդ օրենքը որպես մահակ է ծառայում:

Նախարարը նշեց՝ ամեն ինչ անում են, որ դա որպես այդպիսի գործիք չծառայի:

«Հիմքերը շատ պարզ են: Օրինական հիմքերով հիմնավորվում է գույքի առկայությունը, թե ոչ: Ուսումնասիրություն է իրականացվում, այն պատժիչ բնույթ չունի, այն գույքի դեմ ուղղված հայցի տեսակ է և ապօրինի գույքը տնտեսական գործունեությունից հանելու միջոց: Բնական է, որ այս օրենքի ուժ մեջ մտնելուց հետո բազմաթիվ անհանգիստ շարժումներ կլինեն, բայց միայն օրենքից չէ, կարող են այլ քրեական գործերից լինեն և այլն»,- ընդգծեց Բադասյանը։

Ըստ նրա, կառույցը, որը պետք է զբաղվի դրանով, հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, մրցույթը հայտարարված է։ Նրա խոսքով, նպատակն այն է, որ թեկնածուներն այնպիսին չլինեն, որը հետո վտանգի տակ կարող է դնել այդ գործիքի արդյունավետ կիրառումը:

«Բնականաբար, քանի դեռ այդ ստորաբաժանումը չի ձևավորվել, բռնագանձման գործընթացը չի կարող իրականացվել»,- ընդգծեց Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ սեպտեմբերից ամեն ինչ պատրաստ կլինի գործընթացը սկսելու համար:

Հարցին, թե նշվում է, որ խուզարկության ժամանակ գտնվել է Միքայել Մինասյանի հին համակարգիչը և վերականգնվել է մոտ 9 հազար ֆայլ, արդյոք դա կարո՞ղ է դառնալ ուսումնասիրության առարկա, Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Դա կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, եթե օրինակ, մեղադրանք է առաջադրված կոռուպցիոն բնույթի հոդվածով: Այդ դեպքում կարող է գույքի մասով ուսումնասիրություն իրականացվի»։

Անդրադառնալով ՍԴ խնդրին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյոք այս անգամ կհաջողվի լուծել խնդիրը, եթե ԱԺ ընդդիմադիր երկու ուժերը չմիանան իշխող ուժին, նախարարն ասաց, որ ՍԴ խնդիրը հնարավոր է լուծել խորհրդարանում։

«Ես վստահ եմ, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել», - ընդգծեց նա։

Հարցին, թե ի՞նչ կփոխվի դատական համակարգում, Ռուստամ Բադասյանն արձագանքեց․

«Շատ լավ հարց է։ Որևէ մեկ կամ երկու քայլով ՀՀ արդարադատության համակարգում պետք չէ միանգամից արդյունքների սպասել։ Արդարադատության համակարգում բարեփոխումները խորքային, բազմակի գործողություններ ենթադրող պրոցեսներ են, բայց սա անհրաժեշտ ու պարտադիր նախապայման է առաջ շարժվելու համար, քանի որ ունենք Սահմանադրական դատարանի մոդել, որը չի իրացվել»։

Նրա խոսքով, այնպիսի անցումային դրույթ է սահմանադրության տեքստում ներառվել, որն ուղղակի չի ապահովում այդ մոդելի կյանքի կոչումը։

Ըստ նրա, ակնկալվող արդյունքում կլինի ավելի հավասարակշռված Սահմանադրական դատարան, որը կյանքի կկոչի այն մոդելը, որը նախատեված էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

  • Կիսվել: