կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկում է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

Մեկնարկում է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։ Մասնակցել են ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։

Գողության, գրպանահատության և այլ հանցագործությունները կանխելու նպատակով Կարեն Հակոբյանը հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը հատկապես տոնավաճառների և առևտրային համալիրների մոտ։ Քննարկվել է նաև ուսումնական հաստատությունների շրջակայքում ճանապարհային գծանշումների թարմացման և նախազգուշացնող լուսացույցերի, նշանների կահավորման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել «Օրինապահ հետիոտն» միջոցառմանը, որի շրջանակում դպրոցականների շրջանում անցկացվելու են ճանապարհային երթեկության կանոնների վերաբերյալ ուսուցողական դասընթացներ։ Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Ակտիվ աշխատանք է իրականացվելու դպրոցների տնօրենների և մանկավարժական խորհուրդների հետ։

  • Կիսվել: