ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է ՀՅԴ անդամների գործով դատական նիստը. մեղադրող դատախազը պնդել է՝ խափանման միջոցը պետք է անփոփոխ թողնել

Մեկնարկել է ՀՅԴ անդամների գործով դատական նիստը. մեղադրող դատախազը պնդել է՝ խափանման միջոցը պետք է անփոփոխ թողնել

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոման Սմբատյանի, մեկնարկել է ՀՅԴ անդամներ Գոռ Սարգսյանի, Արսեն Մարտիրոսյանի, Տարոն Մանուկյանի, Հոսիեկ Սարկիսյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գեւորգ Մուրադյանի եւ Վելիխան Խլղաթյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նախնական դատական նիստին քննարկվել է գործով ամբաստանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու հարցը։

Գործով մեղադրող դատախազը պնդել է, թե ամբաստանյալների խափանման միջոցը պետք է անփոփոխ թողնել։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Աբգար Պողոսյանն ասաց, որ եԵթե խոսում ենք արդարադատության տեսանկյունից, ապա տղաներն այսօր պետք է ազատ արձակվեն։ նա նաեւ նշեց. ՛՛Մնացած այլ որոշումները կրկին կհիմնավորեն, որ արդարադատությունը կաղում է Հայաստանում՛՛։

Հավելենք, որ փաստաբանները միջնորդել են նաեւ նրանց նկատմամբ կիրառել անձնական երաշխավորությունը։

Հիշեցնենք, որ նրանցից Գոռ Սարգսյանի, Արսեն Մարտիրոսյանի, Տարոն Մանուկյանի, Գոռ Մաթեւոսյանի եւ Գեւորգ Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հոսիեկ Սարկիսյանի նկատմամբ կիրառվել է անձնական երաշխավորություն, իսկ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Սարգսյանը 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Գյումրիի Երեւանյան խճուղի 131 հասցեում՝ բնակելի շենքի դիմաց` հասարակական վայրում, եւ հասարակության անդամների ներկայությամբ, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ կերպով խախտել է հասարակական կարգը, որը դրսեւորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ:

Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել նաեւ Արսեն Մարտոյանին, Տարոն Մանուկյանին, Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

  • Կիսվել: