Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն ձերբակալելու որոշում կա. նրանց կտանեն կալանավորման. փաստաբան
Գործը ենթադրաբար վերաբերում է այսօր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված տեսագրությանը. այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կա որոշում երկու անձանց, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալության վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբն Արսեն Բաբայանը:
«Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրեն, որ ոստիկանությունը իրեն պիտի ձերբակալի, ձերբակալման որոշում կա: Հայրը գալիս է արդեն այստեղ, որպեսզի ներկայանա ոստիկանությանը։ Գործը վերաբերում է ենթադրյալ ինչ-որ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ-որ խոստումներ տալուն, ինչ-որ ընտրակաշառքներ բաժանելուն: Այսինքն որոշումից հստակ չի, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում, հա, ընդհանուր ձևակերպումներ են, դրա վերաբերյալ երկուսն էլ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն և նրանց նկատմամբ 24-ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար: Կալանավորման նպատակով ձերբակալություն են իրականացնում»,-ասաց նա:
Արսեն Բաբայանը նկատեց, որ և տեսագրությունում եւ տարածված հաղորդագրությունում, Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա. «Բայց հաշվի առնելով, որ այս որոշման մեջ չկան մանրամասներ փաստական տվյալների վերաբերյալ, թե ով ինչ է արել, այլ ընդհանուր ձևակերպումներ են, այս իմաստով կարող ենք ասել, որ այո, վերաբերվում է այդ վարույթին, որի վերաբերյալ այսօր տարածվել է հաղորդագրությունը»:
Դիտրկմանը, որ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ ինքն այդ ձայնագրության հետ կապ չունի, ոչ մեկին չի ճանաչում, այդ ձայները ծանոթ չեն, և իրեն վերագրում են ինչ-որ «շիբինի» գործ, որ որոշ ժամանակ առաջ իր թաղամասում շիբին է լցրել, Արսեն Բաբայանն ասաց. «Երկու կամ երեք օր առաջ ինչ-որ անկախ դիտորդներ, իշխանության հետ շատ համագործակցված վերցնում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ կա Մարտուն Գրիգորյանի կյանքում կատարած աշխատանքներից դրվագներ։ Դա ավելի վաղ է արվել, ընդհանրապես այս ընտրությունների հետ կապ չունի: Եվ սինխրոնիզացված այս իշխանության հետ, այդ դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացնում դատախազին ենթադրյալ քրեական հանցանք կատարված լինելու առթիվ վարույթ նախաձեռնելու համար։
Դա շատ լավ առիթ է, դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն էլ օգտվել են այդ առիթից, վարույթը նախաձեռնել են, անձանց վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու որոշումները կայացրել են, ձերբակալման որոշումը կայացրել են, հիմա էլ ուզում են կալանքի հարց լուծեն»: