ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սեւազգեստ մայրերի» դատական նիստը հետաձգվեց

««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սեւազգեստ մայրերի» դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, մեկնարկել է«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ  արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատական նիստին չի ներկայացել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, ինչի մասին գրություն է ուղարկել դատարանին՝ խնդրելով նիստը նշանակել այլ օր։ 

Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությունը մերժել։

Նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը հայտարարեց, որ   «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված հայցն ընդդեմ սեւազգեստ մայրերի սխալ է հարուցվել. Մարգարիտա Խաչատրյանը չի հանդիսանում «Զինվորի մայր» հկ-ի նախագահ։ Կոչուբաեւը նաև նշեց, որ առկա է նաեւ հայցային վաղեմության խնդիր եւ դիմում ներկայացրեց՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն։

Դատարանն էլ արձանագրեց, որ պետք է քննարկվի հայցային վաղեմության կիրառման խնդիրը եւ ապացուցման բեռի բաշխումը, սակայն դիմումի օրինակը պատասխանող կողմը չի ներկայացրել հայցվոր կողմին։

Դատարանը հետաձգեց հայցի քննությունը, քանի որ հայցվոր կողմը պետք է ծանոթանա դիմումին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին։

  • Կիսվել: