երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հանրության հետ պետք է ազնիվ լինել՝ ունենք ձախողումներ, որոնց համար կան կոնկրետ պատասխանատուներ. Բադասյան

Հանրության հետ պետք է ազնիվ լինել՝ ունենք ձախողումներ, որոնց համար կան կոնկրետ պատասխանատուներ. Բադասյան

Մեր նպատակը եղել է թե՛ 2008-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների բացահայտումը, թե՛ անկախ դատական համակարգի ստեղծումը, թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումները՝ 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և, կարծում եմ, հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում մենք առնվազն դանդաղկոտություն ենք ցուցաբերել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին: 

«Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ, սակայն կոնկրետ գործերի մասով կան կոնկրետ պատասխանատուներ: Չէի ուզի արդարանալ, բայց այս դատաիրավական ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և տեսանելի չեն հանրությանը, ունենք նաև դժգոհություններ, որոնց համար կան կոնկրետ պատասխանատուներ, և չի կարելի բոլոր հարցերի պատասխանները պահանջել իշխանությունից»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ դատաիրավական ոլորտի հիմնական պատասխանատուն ինքն է և պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն: Տեղյակ է, որ իրեն ուղղված գլխավոր քննադատությունն այն է, որ այդ ոլորտում վեթինգ չի իրականացվել:    

Բադասյանը չցանկացավ մեկնաբանել «Մարտի 1»-ի քրեական գործով դատարանի կայացրած որոշումը՝ նշելով, որ դա իր լիազորության մեջ չի մտնում, և այդ հարցի շուրջ պետք է դիրքորոշում հայտնեն պատասխանատուները: 

Նախարարը նշեց, որ անկախ դատական իշխանություն ստեղծելու, բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներ ունենալու իրենց պայքարը չի ավարտվել, չի ավարտվել նաև կոնկրետ իր պայքարը՝ ինչ կարգավիճակում էլ լինի: 

«Ես հայտարարել եմ, որ մենք մոտ էլ չենք անկախ դատական համակարգ ունենալուն, կան խորքային խնդիրներ բոլոր՝ քրեական, վարչական, քաղաքացիական մակարդակներում: Այդ խնդիրները պետք է լուծվեն դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ և մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք մենք արդեն իրականացնում ենք: Ավելի համակարգային փոփոխություններ հնարավոր են Սահմանադրության 7-րդ գլխի կոնցեպտուալ փոփոխությամբ»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ անկախ դատական համակարգ ունենալու համար մեծ աշխատանք պետք է կատարվի: 

  • Կիսվել: