ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ը նախագիծ է ներկայացրել

Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ը նախագիծ է ներկայացրել

Մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգում փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին նախագծի ներկայացման շրջանակներում այսօր ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և տեղեկացրեց, որ նախատեսվող փոփոխությունները երեք պատճառով է արվում:

«Նախ ՊԵԿ-ում բազմաթիվ փոփոխություններ են լինում թվային գործիքների ներդրման միջոցով: Մասնավորապես, վերջերս սկսել ենք և ավարտին ենք հասցնելու եկող տարվա կեսին՝ մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի փոփոխությունները: Արդյուքնում հայտարարագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով են ներկայացվելու՝ առանց որևէ ոչ ֆորմալ ընթացակարգերի: Բացառվելու է հայտարարագրերի ներկայացման և վերլուծության ընթացքում մաքսային մարմին- տնտեսվարող որևէ կապը՝ այդ թվում ներկայացուցիչների միջոցով»,- ասաց Բադասյանը և հայտնեց, որ անհրաժեշտություն է լինելու նոր մասնագիտացում ունեցող ծառայողների պատրաստման:

Նրա ներկայացմամբ երկրորդ հանգամանքն այն է, որ հարկային մաքսային ծառայողը որոշակի նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանք է իրենցի ենթադրում.

«Այսօրվա ընթացակարգերը, որոնցով մրցույթները կայանում են, կարելի է որակել որպես ձևական, որովհետև թեստավորման և հարցազրույցի միջոցով համակարգ ընդունված անձանց կողմից պարտականությունները պատշաճ կատարելու առումով մասնագիտական գիտելիքներով պատրաստվածությունը որևէ երաշխավորում այս ընթացակարգը չի տալիս: Մենք նախատեսել ենք ուսումնական կենրոն, որի միջոցով պատրաստման և վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն»,-նշեց նա և հավելեց, որ մի քանի փուլով է լինելու ընդունելությունը՝ թեստավորում, բարեվարքության ստուգում, հարցազրույց, ուսումնական կենտրոնում տեսական և գործնական դասընթաց, որից հետո հավակնորդները կարող են արդեն համապատասխան ցուցակում ներառվել և ըստ հավաքած բալերի հաջորդականության նշանակումներ կատարվեն հարկային և մաքսային ծառայությունում:

Նա տեղեկացրեց նաև, որ օրենքի ընդունման հետ կապված երկու մոտեցում կա, մեկը, որ 2024 թվականից նոր ընթացակարգն ամբողջությամբ ուժի մեջ կլինի, մյուսը որ 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր այն ստորաբաժանումները որոնք կվերակազմակերպվեն, արդեն նոր ընթացակարգով կլինի ընդունելությունը:

ՊԵԿ նախագահը ներկայացնելով փոփոխության երրորդ պատճառը, ասաց, որ բարեվարքության ստուգման ընթացակարգերի բացակայությունն է ընդունելության փուլում և այս փոփոխությունը նաև միտված է հենց նման համակարգ ունենալուն:

Եզրափակելով իր խոսքը Բադասյանը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հավաքագրել մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերին, բարեվարքության ստուգում կիրականացվի և հարկային և մաքսային մարմինների գործառույթներն ավելի պատշաճ կիրականացվեն: Շեշտադրում կկատարվի ոչ միայն այն բանին որ ՊԵԿ-ը հավաքագրող և վարչարարություն իրականացնող մարմին է, այլ նաև ծառայություններ մատուցող:

  • Կիսվել: