Մանվել Գրիգորյանի ազատման դիմաց 1 միլիարդից ավելի արժեցող գույքի գրավադրման միջնորդություն է ներկայացվել
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստում 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդություն ներկայացրին։
«Տարածքը, որն առաջարկում է՝ բիզնես կենտրոն է դիտվում, որտեղ փորձագետը գնահատել է տվյալ անշարժ և շարժական գույքի լիվկիդացիոն արժեքները», - հայտարարեց փաստաբանը:
Մանվել Գրիգորյանը, նշենք, առողջական խնդիրների պատճառով չէր բերվել դատարան:
Պաշտպանական կողմն այս դատական նիստին գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունից բացի, ներկայացրել էր նաև ստորագրությամբ չհեռանալու մասին միջնորդություն։
Դատարանը ներկայացված միջնորդությունների որոշումը կհրապարակի դեկտեմբերի 24-ին։
Գրիգորյանը մեղադրվում է զենք-զինամթերք ապօրինի պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: