շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Մանասյանն ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԱՀ-ի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները

Մանասյանն ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԱՀ-ի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։

Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ստեղծում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Անահիտ Մանասյանը հատուկ ընգծել է, որ ադրբեջանական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը հետապնդում են ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքից զրկելու նպատակ։
«Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ոտնահարվել են քաղաքացիական բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Այդ գործողությունների հետևանքով այսօր մարդիկ են զոհվել և վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, բնակելի շենքեր և այլն»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անձամբ է այցելել այդ բնակավայրեր, իրականացրել է փաստահավաք աշխատանք, որոնց արդյունքները ներառվել են արտահերթ զեկույցներում։

Պաշտպանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ուղղությունները: Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատությունների միջև միջազգային մակարդակով հմտությունների և փորձի փոխանակումը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, բնապահպանական իրավունքներին առնչվող հարցեր։ Ասքար Ջալալիանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։

 

  • Կիսվել: