երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մամուլից եմ տեղեկացել. պաշտպանը՝ Հրայր Թովմասյանին գաղտնալսելու տեղեկության մասին

Մամուլից եմ տեղեկացել. պաշտպանը՝ Հրայր Թովմասյանին գաղտնալսելու տեղեկության մասին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին գաղտնալսելը եւս մեկ քայլ է, որ Սահմանադրությամբ անձեռնմխելիությունով օժտված անձի իրավունքները խախտվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե ՀՔԾ-ն օրինական հիմքերով գաղտնալսում է ՍԴ նախագահին։

Մակինյանն ասաց, որ այդ տեղեկություններին ծանոթացել է մամուլից. «Դեռեւս քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու, բայց մոտ ապագայում անպայման արձագանքելու ենք։ Ես էլ ձեզ նման տեղեկացել եմ մամուլից»։

Ըստ պաշտպանի՝ եթե, օրինակ, ՀՔԾ-ն գաղտնալսում է ՍԴ նախագահին, ապա դա անձեռնմխելիության խախտում է: «Եթե վերացականորեն ընդունենք, որ այդ գործողությունն իրականում կատարվել է, ապա դա փակ ռեժիմով է կատարվում, մեր պաշտպանական կողմն, իհարկե, մասնակից չի լինում այդ դատական նիստին։ Բացասական եմ վերաբերում այդ ամենին որպես անձ, որպես իրավաբան եւ որպես պարոն Թովմասյանի շահերի պաշտպան»,-ասաց նա։

Նշենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

  • Կիսվել: