շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին. Մուկուչյան

ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին. Մուկուչյան

Կուզենայի անդրադառնալ մի քանի հանգամանքների, որոնց վերաբերյալ էլի հարցադրումներ հնչեցվեցին, մասնավորապես կապված ցուցակների ուռճացվածության հետ, ԿԸՀ-ի կարգավիճակի հետ, որոնք ներկայացվեցին եզրափակիչ ելույթներում՝ չաշխատող անձնագրեր, դատական ակտեր եւ այլն: 

 Այս մասին ՍԴ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Դատավարության ընթացքում հնարավոր եղավ նշված բոլոր հանգամանքների վերաբերյալ ներկայացնել իրավական դիրքորոշումներ: ԿԸՀ-ի համար ընտրական գործընթացի մեկնարկի հիմքը հանդիսացել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որից անմիջապես հետո  հաստատվել է հստակ ժամանակացույց: Այդ ողջ ժամանակահատվածում որեւէ ժամկետային խախտում չի եղել: Գործընթացի մասնակիցները լիարժեք ծավալով հնարավորություն են ունեցել իրացնելու ընտրական օրենսգրքով  սահմանված բոլոր վերահսկողական գործիքները»,-նշեց Մուկուչյանը։ 

Վերջինիս խոսքով՝ ընտրությունների ընթացքում, երբ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հարյուր հազարավոր սուբյեկտներ՝ վստահված անձինք, դիտորդներ, թեկնածուներ, նաեւ  ընտրողներ, որոնք ունեն տարբեր քաղաքական անգամ նաեւ հակադիր շահեր, պատկերացնել իդեալականորեն բոլորի կողմից  նույնական վարքագծի դրսեւորում, նույնական կերպով ԸՕ-ի իմացություն, կիրառություն, դժվար է պատկերացնել: Դրանով պայմանավորված կարող են տեղի ունենալ նաեւ իրավախախտումներ, խախտումներ:

«Այստեղ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր նման դրսեւորում պատշաճ ձեւով արձանագրվի, դրանցով իրականացվի համապատասխան քննություն, հայտնաբերվեն մեղավոր անձինք, նրանց նկատմամբ կիրառվեն պտասխանատվություն»,-ասաց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ ԿԸՀ-ն հենց այդպես էլ վարվել է, որի մասին են վկայում ԿԸՀ-ի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված վարույթները, վերահաշվարկը եւ այլն։

«Մեր կարծիքով փաստվեց մի շատ կարեւոր հանգամանք. ցանկացած խնդիր, իրավախախտում, որ նկատվել է, դրանք պատշաճ արձանագրվել են, գնահատականի են արժանացել, դեռեւս կան որոշակի հանգամանքներ, որոնք չեն ավարտվել սրանով, քննության ընթացքում են։

Երբ ասում են ուռճացված ցուցակներ, դա ենթադրում է, որ պետք է լիներ այլ բան, բայց ապօրինաբար մեծացվել է դրա ծավալը: Ընտրական ցուցակները գուցե կազմման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց երբեւեէ դա չի կարելի փոխարինել ուռճացված եզրույթով, որովհետեւ  ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան տարիք, եւ հաշվռում ՀՀ-ում: Հայաստանում բնակվել-չբնակվելու հանգամանքը ուղղակի չի մտնում այդ մեթոդաբանության մեջ: Չներկայացվեց որեւէ փաստ առ այն, որ առկա է որեւէ անձ, որի, օրինակ, 18 տարին չի լրացել, որը ՀՀ քաղաքացի չէ, չունի հաշվառում, բայց անունը ամրագրված է ընտրողների ցուցակում:  Սա նշանակում է, որ այստեղ կարող է խոսք լինել ընդամենը ցուցակի կազմման մեթոդաբանության մասին, բայց ոչ ուռճացված լինելու մասին:

ԿԸՀ-ն առաջնորդվել է բացառապես ԸՕ-ի պահանջներով, հետեւաբար տարաբնույթ որակումները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք ներկայացվեցին այս դահլիճում»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը։ 

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը կայացվել է հիմք ընունելով քվեարկության արդյունքները, ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված, դիմում-բողոքներով իրականացված քննությունը, դրանց արդյունքում կայացված որոշումները, դատական ակտերը։ 

  • Կիսվել: