հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան

«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան

Դիզվառելիքի քրեական գործը քաղաքական նպատակներով է, սա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված գործ է: Այս մասին այսօր դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

«Պարզ չի՞, որ սա կարած, նկարած գործ է, փուչիկ է: Երեխեք, լավ էլի, առաջին օրն ասել եմ՝ թատրոն է, ուրեմն թատրոն է: Հազար օղորմի Սերգոյին: Կուզեի կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ: Ես այդ մարդուն վերջին անգամ տեսել եմ առերես հարցաքննությանը, ասել եմ՝ դու աննորմա՞լ ես, ի՞նչ ես խոսում, ես դրանից գաղափար ունե՞մ»,- ասաց Բեգլարյանը եւ հավելեց, որ առերեսումից հետո Սերգո Կարապետյանին այեւս չի հանդիպել:

Նա պնդեց, որ մրցույթի առնչությամբ Սերժ Սարգսյանի հետ ինքը պայմավորվածություն չի ունեցել:

Հարցին՝ երբ մրցույթում իր ընկերությունը հաղթեց, արդյո՞ք իր մոտ հարց չառաջացավ, թե ինչպե՞ս ստացվեց, որ իր ընկերությունը հաղթեց, Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ, որովհետեւ դա կարող էին իրականացնել միայն երկու ընկերություններ՝ CPS-ը, եւ «Ֆլեշը», մյուսներինը հնարավոր չէր, այդ հզորությունը չունեին»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Գործով ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

  • Կիսվել: