երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ

Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Ամպերա» ընկերությունն իրականացրել է հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ հանրային ընկալումները գնահատող հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ հարկային և մաքսային վարչարարության նկատմամբ հարկ վճարողների և տնտեսավարողների ընդհանուր վերաբերմունքը դրական է, իսկ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները՝ նկատելի։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկային վարչարարության վերաբերյալ հետազոտության համաձայն՝ հարկ վճարողների 55.1%-ը դրական է գնահատել վերջին երեք տարիներին իրականացված վարչարարության բարելավման միջոցառումները։

  • Վերաբերմունքի փոփոխություն․ Հարկ վճարողների 58.3%-ը (իսկ միջին բիզնեսի՝ 81.8%-ը) նշել է, որ վերջին մեկ տարում ՊԵԿ-ի վերաբերմունքը դրականորեն է փոխվել:

  • Կամավոր կարգապահություն․ Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք։ Միաժամանակ, 63.2%-ը վստահ է, որ բոլորի նկատմամբ կիրառվում է հավասար վերաբերմունք՝ նախորդ տարվա 45․3%-ի փոխարեն (ցուցանիշն աճել է 17.8 տոկոսային կետով): Այս գնահատականը փաստում է, որ hավասար և կանխատեսելի վարչարարությունը հարկային համակարգի նկատմամբ վստահության կարևոր նախապայման է։

  • Ռիսկահեն հսկողություն և կանխարգելում․ Հարկային ստուգումների ու ուսումնասիրությունների՝ ըստ ռիսկայնության չափանիշների գնահատման արդարացիությունն ու անկանխակալությունը դրական է գնահատել 75.3%-ը։ Հարկ վճարողների 76.0%-ը կարևորել է չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցումներ ստանալու հնարավորությունը, ինչը վկայում է կանխարգելիչ և հարկ վճարողին աջակցող վարչարարության կարևորության մասին։

Մաքսային վարչարարության ոլորտում, ըստ հարցվածների, ևս արձանագրվել է դրական դինամիկա։ Տնտեսավարողների 73.8%-ը դրական է գնահատել մաքսային ձևակերպումների տևողության կրճատումը, ինչը ցույց է տալիս, որ իրականացված բարեփոխումների գործնական արդյունքներն արձանագրում է նաև գործարար հանրությունը։

  • Թվայնացում․ էլեկտրոնային ծառայությունների օգտակարությունը բարձր է գնահատել հարցվածների ավելի քան 66 %-ը։

  • Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելում․ հարցվածների 50.3%-ը մաքսային ծառայության գործունեությունը գնահատել է հիմնականում թափանցիկ, իսկ 59․3%-ը՝ ընդգծել է կառույցի հուսալիությունը։ Հարցման մասնակիցների 77.8%-ը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ հետևողական քայլեր են իրականացվում։

  • Միասնական հաշվի ներդրում․ Հետազոտության համաձայն՝ տնտեսավարողների 79.7%-ը նպատակահարմար է համարում մաքսային վճարների իրականացման համար միասնական հաշվի ներդրումը։ Սա ևս մեկ կարևոր ազդակ է՝ մաքսային գործընթացներն առավել պարզ և հարմարավետ դարձնելու անհրաժեշտության մասին։

Բարելավման ուղղություններ․ հետազոտությունների արդյունքները վկայում են հարկային և մաքսային բարեփոխումների շարունակականության անհրաժեշտության մասին՝ վարչարարությունը պարզեցնելու, թվային ծառայությունների որակը բարձրացնելու, հարկ վճարողների հետ հաղորդակցությունն ու հետադարձ կապը բարելավելու, մաքսային գործընթացներն առավել արագ, հասանելի և կանխատեսելի դարձնելու, ինչպես նաև գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով։

ՊԵԿ-ը շնորհակալություն է հայտնում հետազոտություններին մասնակցած բոլոր հարկ վճարողներին և տնտեսավարողներին։ Ձեր մասնակցությունն ու ներկայացված դիտարկումները կարևոր նշանակություն ունեն հարկային և մաքսային վարչարարության հետագա բարեփոխումների մշակման և պահանջներին համահունչ լուծումների ձևավորման համար։

Հետազոտությունների արդյունքներն ամփոփող զեկույցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով․ Հարկային, Մաքսային։

  • Կիսվել: