Կուզեի, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա. Անդրանիկ Քոչարյան
Ես կուզեի, որպեսզի Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա, փաստորեն ՀՀ արդարադատության նախարարը, սահմանադրություն չի կարդացել։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի հրաժարականից հետո նախարար Գրիգոր Մինասյանը խոսել էր մանր խարդավանքների մասին, որի հետեւանքով իր տեղակալը հրաժարական է տվել:
«Նախարարը չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,- ասաց նա։
Ըստ Քոչարյանի՝ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը: Կհրավիրենք, եթե պետք լինի, բայց իր հայտարարությունը շատ վտանգավոր է: Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տա: Լավ կլինի, որ պարոն Մինասյանը նորից ընթերցի Սահմանադրությունը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ երեկ արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանը պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել էր իր տեղակալի հրաժարականին: Նա նշել էր, թե առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Վերջինս հավելե էր, որ պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը: