երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կրակոցներ Երևանում. բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր

Կրակոցներ Երևանում. բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հնչել է նաև 3 կրակոց և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկության իսկությունը և դեպքի վայրում փնտրում են պարկուճ կամ գնդակ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: