կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ 2 աբովյանցի է ձերբակալվել

Կոտայքի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ 2 աբովյանցի է ձերբակալվել

Մայիսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի 42 և 31 տարեկան երկու բնակչի։

42-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե 7 փաթեթ, որոնցից 1-ը՝ մարիխուանայի, 6-ը՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփ և կրիստալ թմանյութեր են։

31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած զանգվածով կաթուցիչ:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։

Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 26-ին խուզարկություն կատարվեց Աբովյանի 42-ամյա տղամարդու ավտոտնակում։ Հայտնաբերվեցին 4,5 մմ տրամաչափի ատրճանակ և 3 գրամից ավելի քաշով կանեփի սերմերով թղթե փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա թմրանյութը գնել էր Աբովյանի 55-ամյա մի բնակչից։ Ճշտվեց իրացնողի ինքնությունն ու ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ծառայողները 55-ամյա տղամարդուն հայտնաբերեցին Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում և նրան ու ևս 2 անձի, իրենց «Օպելով» հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։

55-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, որն, ըստ նրա՝ կրիստալ թմրամիջոց էր։ Բերման ենթարկված մյուս տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած զանգվածով կաթուցիչ, որը, նախնական տվյալներով, նրան էր տվել 55-ամյա տղամարդը։

 

Բերման ենթարկվածներից 55 և 42 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են, ապա նրանցից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: