հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոշտ վեթինգի իրականացման լավ փորձ չկա. գնում ենք «սոֆթ» վեթինգի ճանապարհով․ Գրիգոր Մինասյան

Կոշտ վեթինգի իրականացման լավ փորձ չկա. գնում ենք «սոֆթ» վեթինգի ճանապարհով․ Գրիգոր Մինասյան

Դատական համակարգի բարեփոխումների նկատմամբ կա հանրային պահանջ, այս առումով կա 2 մոտեցում, որոնցից մեկը կոշտ վեթինգն է, երբ բոլոր դատավորները մեկ օրում դուրս են գալիս համակարգից և սկսվում է նոր դատավորների համալրում: Ցավոք, մենք չունենք կոշտ վեթինգի իրականացման լավ փորձ, օրինակ, չկա որևէ երկիր, որտեղ այդ մեթոդն աշխատել է: Այս մասին  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

Նա ընդգծեց, որ վիրահատական միջամտություն հնարավոր է անել միայն Սահմանադրական բարեփոխումների արդյունքում:

«Մինչև համավարակը նախատեսվել էր նման գործընթաց, այսինքն, Սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որը որոշ խնդիրների պատճառներով կասեցվեց: Սա առաջին ուղղությունն է: Մյուսը՝ «սոֆթ» վեթինգն է, որն առաջին հերթին ենթադրում է օրենսդրության բարելավում, ինչը մենք անում ենք շատ ինտենսիվ, շատ որակով: Ես հավատում եմ, որ օրենսդրությամբ հնարավոր է մեխանիզմներ ներդնել, որի արդյունքում առնվազն նոր դատավորները, որ մտնում են համակարգ՝ լինեն էլ ավելի պրոֆեսիոնալ, հեռու շահերի բախումից: Այս պրոցեսը իրականանում է: Մյուս ուղղությունը, որը մենք շատ ինտենսիվ իրականացնում ենք ՝ դա օրենսդրությամբ սահմանված կարգապահական վարույթների հարուցում, միջնորդություններ ներկայացումն է ԲԴԽ: Այնտեղ ամեն գործով պայքարում ենք, որպեսզի վատ, ոչ պրոֆեսիոնալ դատավորները համակարգից դուրս գան: Սա դժվար պրոցես է, ցավոք այս գործընթացում լինում են հաղթանակներ, լինում են պարտություններ»:

Նա նշեց, որ նախարարությունում թիմ է աշխատում, որպեսզի կոնկրետ գործերով ստացվեն նախադեպային որոշումներ:

«Ժամանակի ընթացքում հենց ԲԴԽ-ի որոշումները որպես հիմք վերցնելով՝ մենք կկարողանանք մեր հաղթանակների քանակն ավելացնել: Հասկանում եք, որ այդ պրոցեսում շատ դժվար է հաջողության հասնել, բայց ես հավատում եմ, որ սա է այն ժողովրդավար մեթոդը, որի արդյունքում դատավորները տեսնելով, որ պատասխանատվության են ենթարկվելու՝ որոշումների կայացման ընթացքում շատ ավելի զգույշ են գործում: Ես հավատում եմ, որ այսպես մենք հասնելու ենք արդյունքի, թեև պրոցեսը ժամանակատար է և դժվար : Բայց հիմա զուգահեռ նաև Սահմանադրական բարեփոխումներն են ընթացքի մեջ և միգուցե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գա ինչ-որ մոդելի ներդրման, որը կոշտ վեթինգի էլեմենտներ կներառի, թեև բազմաթիվ քննարկումների ընթացքում  համոզվել եմ, որ չկա կոնսենսուս, թե որն է կոշտ վեթինգի մոդելը: Ամեն դեպքում՝ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դատավորների անուններ չնշելով՝ ինքներդ էլ տեսնում եք, որ որոշ արդյունք մենք արդեն ունենք, ճիշտ է դանդաղ է, ընթացքը չի բավարարում, բայց պրոցես ունենք»:

  • Կիսվել: