շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոռուպցիայի մակարդակները մնում են անփոփոխ տասնմեկերորդ տարին անընդմեջ. ԹԻ-ն հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները

Կոռուպցիայի մակարդակները մնում են անփոփոխ տասնմեկերորդ տարին անընդմեջ. ԹԻ-ն հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները։ Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից:

Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի պետությունների մեծ մասը տապալում է կոռուպցիայի դեմ պայքարը․ 2017թ․-ից սկսած աշխարհի պետությունների 95 տոկոսը կամ չի գրանցել ոչ մի առաջընթաց կամ այդ առաջընթացը եղել է շատ փոքր։
Գլոբալ խաղաղության համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհը շարունակում է ավելի քիչ խաղաղ լինել։ Առկա է հստակ կապ բռնության և կոռուպցիայի միջև և խաղաղության համաթվի ցածր արժեք ունեցող պետությունները ունեն նաև ԿԸՀ շատ ցածր արժեք։ Այն իշխանությունները, որոնց գործունեությունը խոչընդոտվում է կոռուպցիայի պատճառով, չունեն կարողություններ՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ավելի հավանական է, որ հանրային դժգոհությունն այդ իրավիճակից վերաճի բռնության։ Այս արատավոր շրջանն ամենուրեք ազդում է պետությունների վրա՝ Հարավային Սուդանից (13) մինչև Բրազիլիա (38):

Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն․ «Կոռուպցիան մեզ շրջապատող աշխարհը դարձրել է ավելի վտանգավոր վայր։ Քանի որ իշխանությունները տապալեցին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելու ջանքերը, նրանք դրանով իսկ նպաստում են բռնության և հակամարտության ներկա աճին։ Պետությունների համար միակ ելքը մնում է բոլոր մակարդակներում կոռուպցիան արմատախիլ անելու ծանր աշխատանքը՝ հասնելու նրան, որ իրենց իշխանություններն աշխատեն ողջ ժողովրդի, այլ ոչ թե միայն վերնախավի մի քանիսի համար։»

Աշխարհում կոռուպցիայի ընդհանուր իրավիճակը 2022 թվականին

ԿԸՀ-ի 2022թ․ դասակարգումն ընդգրկում է 180 պետություն և տարածք՝ ըստ հանրային ոլորտում 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով չափված կոռուպցիայի մակարդակների նրանց ընկալման։
ԿԸՀ արժեքի համաշխարային միջինն արդեն տանմեկերորդ տարին մնում է անփոփոխ և այն հավասար է 43-ի։ Պետությունների երկու երրորդի ԿԸՀ արժեքը 50-ից ցածր է, որը նշանակում է, որ կոռուպցիան այդ պետություններում հանդիսանում է լուրջ հիմնախնդիր։
Դանիան իր ԿԸՀ 90 միավորով գլխավորում է ԿԸՀ 2022թ․ դասակարգման աղյուսակը, իսկ Ֆինլանդիան ու Նոր Զելանդիան իրենց 87-ական միավորներով հաջորդում են նրան։ Ուժեղ ժողովրդավարական հաստատությունները և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ այդ պետություններին մտցնում են նաև աշխարհի ամենախաղաղասեր պետությունների շարքում՝ համաձայն Խաղաղության համաշխարհային համաթվի։

Հարավային Սուդանը (13 միավոր), Սիրիան (13 միավոր) և Սոմալին (12 միավոր), որոնք բոլորն էլ ներքաշված են երկարատև հակամարտությունների մեջ, շարունակում են մնալ ԿԸՀ դասակարգման աղյուսակի ամենացածր հորիզոնականներում։
26 պետությունների ԿԸՀ արժեքները, որոնց թվում են նաև Քաթարը (58 միավոր), Գվատեմալան (24 միավոր) և Միացյալ Թագավորությունը (73 միավոր) 2022թ․-ին հասան իրենց պատմական նվազագույններին։
2017թ․-ի համեմատ 2022թ․-ին ԿԸՀ իրենց արժեքների զգալի նահանջ են արձանագրել 10 պետություն։

Զգալի նահանջ արձանագրած երկրներն են Լյուքսեմբուրգը (77 միավոր), Կանադան (74 միավոր), Միացյալ Թագավորությունը (73 միավոր), Ավստրիան (71 միավոր), Մալայզիան (47 միավոր), Մոնղոլիան (33 միավոր), Պակիստանը (27 միավոր), Հոնդուրասը (23 միավոր), Նիկարագուան (19 միավոր) և Հայիթին (17 միավոր)։
Նույն ժամանակամիջոցում զգալի առաջընթաց են արձանագրել 8 պետություններ։ Դրանք են Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան (63 միավոր), Հայաստանը (46 միավոր), Վիետնամը (42 միավոր), Մալդիվները (40 միավոր), Մոլդովան (39 միավոր), Անգոլան (33 միավոր) և Ուզբեկստանը (31 միավոր)։

  • Կիսվել: