շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել

Կորոնավիրուսից մահացած 132 անձանց անուններն ու անձնական մյուս տվյալները հրապարակելու փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ հունիսի 2-ին Ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված է եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության մասին տվյալներ։

Հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

  • Կիսվել: