հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կողոպուտի դեպքով քննվող քրգործով սուտ մատնության դեպք է բացահայտվել

Կողոպուտի դեպքով քննվող քրգործով սուտ մատնության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020 թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս երկու դիմակավորված անձ հափշտակել են իր կրած ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թ. մարտին Գյումրի քաղաքի բնակչուհին համացանցի միջոցով ծանոթացել է նույն քաղաքի 28-ամյա բնակչի հետ, և նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ: 2020 թ. մարտ, ապրիլ ամիսների ընթացքում 28-ամյա երիտասարդը գումար է խնդրել Գյումրի քաղաքի բնակչուհուց, իսկ վերջինս նրան է փոխանցել իրեն պատկանող ոսկյա կախազարդը, շղթան, ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը: 28-ամյա երիտասարդը, իր և ընկերոջ կանանց միջոցով, նրանց անվամբ, գրավադրել է նշված զարդերը՝ խոստանալով կարճ ժամանակում վճարել դրանց գումարները և զարդերը վերադարձնել: Գյումրի քաղաքի բնակչուհին, անհանգստանալով, որ 28-ամյա երիտասարդը չի կարողանա գրավադրված զարդերը կարճ ժամանակում վերադարձնել և իր համար վատ հետևանքներ կառաջանան, սուտ մատնություն է կատարել: Վերջինս սուտ ցուցմունքներ է տվել այն մասին,  որ հանցագործության կատարման մեջ կասկածել է իրենց թաղամասի բնակչին, որին ճանաչել է անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ:    

2020 թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2020 թ. մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: