երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է ՄԻՊ շենքի առջև տեղի ունեցած ակցիայի ժամանակ հնչած մի շարք գնահատականներին։

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը:

Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ:

Դեռևս 2024 թվականի հունիսին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում Հայաստանի բոլոր դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային չափանիշներին, որոնք, ի թիվս այնի, վերաբերում են ՄԻՊ հաստատության անկախության և գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը: Եվրոպական ցանցն ընդգծել էր, որ Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության:

Շեշտադրվել էր նաև, որ բոլոր դերակատարները պետք է նպաստեն մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը։ Ավելին, Եվրոպական ցանցի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցում ընդգծվել էր, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում։ Հիշեցնենք, որ Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովն օրեր առաջ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: