ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ)

Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին Գնդեվազ գյուղում տեղի ունեցած Խուլիգանության փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց առավելությունն ընդգծելու նպատակով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ:

Այս հարցի շուրջ պարզաբանումների համար էլ սեպտեմբերի 15-ին, ժամը 22-ին, կողմերը հավաքվել են Գնդեվազ գյուղի բնակելի տների մոտ` <<Խաչերի գլուխ>> կոչվող վայրում:

Կողմերից մեկական հոգի առանձնացել են, սակայն համաձայնության չգալով` սկսել են իրար հայհոյել ու հարվածել: Կռվին միջամտել են մյուսները, և անտեսելով, որ գտնվում են տների մոտ, բնակիչների ներկայությամբ մոտ 40 րոպե միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, իրար հարվածել ձեռքերով, ոտքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Զանգվածային վիճաբանության ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, տեսնելով մոտեցող մի մեքենա, քարով կոտրել է դիմապակին: Նրա օրինակին հետևել են նաև բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, նաև քաշել-պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր ու քարեր: Խուլիգանության փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Հորդորում ենք նմանատիպ ակցիաների մասնակից բոլոր կողմերին` գործել բացառապես օրինականության սահմաններում, հարգել այլոց իրավունքն ու ոչ մի պարագայում չխախտել հասարակական կարգը, այլապես իրավապահների միջամտությունը չի ուշանա»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: