ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խմել են, ծեծել, սպանել ընկերոջն ու հափշտակած հեռախոսը որպես փոխհատուցում տվել տաքսիստին. կան ձերբակալվածներ

Խմել են, ծեծել, սպանել ընկերոջն ու հափշտակած հեռախոսը որպես փոխհատուցում տվել տաքսիստին. կան ձերբակալվածներ

Հունվարի 23-ի ժամը 14:25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ի ժամը 19.00-ի սահմաններում 39-ամյա տղամարդը Մեծամորի բնակիչ 31-ամյա և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ 32-ամյա ընկերների հետ իր բնակության հասցեում օգտագործել է ոգելից խմիչք: Այդ ընթացքում 31-ամյա մեծամորցին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 39-ամյա տղամարդու հետ:

Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 39-ամյա տղամարդուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է:

Այնուհետև երիտասարդները հափշտակել են մահացածի բջջային հեռախոսը, ինչը հետո, որպես փոխհատուցում, տվել են տաքսու վարորդին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 31-ամյա երիտասարդը՝ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում, իսկ 32-ամյա երիտասարդը՝ Արտենի բնակավայրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: