հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած չորս անձանց ինքնությունը:                            

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. փետրվարի 21-ին Քեռու փողոցի շենքերից մեկի բակում Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչն իր երեք ընկերների հետ, խուլիգանական մղումներով` իրենց անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով  հասարակության նկատմամբ, առանց որեւէ պատճառի հայհոյել են նույն տարածքում գտնվող վարսավիրանոցներից մեկի աշխատակցին եւ նրա եղբորը, որից հետո երիտասարդները, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, եւ դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: