հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, ի՞նչ հիմքով են ոստիկաններն ուղեկցում նրան․ փաստաբանի զանգը ՄԻՊ գրասենյակ

Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, ի՞նչ հիմքով են ոստիկաններն ուղեկցում նրան․ փաստաբանի զանգը ՄԻՊ գրասենյակ

Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, հակակոռուպցիոն դատարանում է։ Այս մասին այսօր, զանգահարելով ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի գրասնեյակ, ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ով դատարանի բակում էր։

Նշենք, որ զանգն ուղիղ հեռարձակվում էր դատարանի բակից։

Պողոսյանը հեռախոսազանգի ժամանակ ասաց. ՛՛Նա ՔԿ-ի կալանավոր է, կալանքի ժամկետը լրացել է, ի՞նչ հիմքով են ոստիկաններն ուղեկցում նրան: Անձի ազատության իրավունքն է, անօրինական կերպով 1 ժամ է արդեն՝ գտնվում է անազատության մեջ՛՛։

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը վստահեցրեց` Խաչատուրովն անօրինական կերպով արդեն 1 ժամ է` անազատության մեջ է, և այստեղ հարցը ոչ թե դատական պրոցեսին միջամտելուն է վերաբերում, այլ այն բանին, որ անձն առանց դատարանի որոշման այս պահին անազատության մեջ է։

Պողոսյանը նշեց, որ պետք է սպասեն, որպեսզի հասկանան, թե ինչ արձագանք կլինի ՄԻՊ աշխատակազմից: Խոստացել են ուսումնասիրել ամեն ինչ և իրեն պատասխան տալ։

Նշենք, որ Պողոսյանին դատական նիստերի դահլիճից դուրս են հանել և հեռացրել վարույթից, քանի որ դահլիճում հայտարարել է, որ ժամը 16։45-ին արդեն լրացել է Խաչատուրովին կալանքի տակ պահելու ժամկետը, սակայն որևէ գործողություն չի արվում նրան ազատ արձակելու ուղղությամբ։

Քանի որ փաստաբանը ներկայում հեռացվել է վարույթից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է անելու, ինչին ի պատասխան նա ընդգծեց` համապատասխան լիազորությունները հաստատող փաստաթղթերով ներկայանալու է հաջորդ նիստին և ներգրավվելու է դատական նիստին։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կորպուսի նախկին հրամատար, գեներալ Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

  • Կիսվել: