շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կերկարացվի հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը

Կերկարացվի հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը

Հայաստանում անհրաժեշտ է երկարացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 6-ին ասել է ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դա, ծայրահեղ դեպքում, կտեւի մինչեւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը։ «2017թ. ավարտին է մոտեցել լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը, որն զբաղվում էր հայկական կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի արտադրությամբ եւ սպասարկմամբ։ Դրանից հետո սկսվել է նոր եւ ավելի ժամանակակից տեխնիկական պահանջների մշակումը»,- ասել է Ղազարյանը։

Այդ աշխատանքին զուգահեռ պարբերաբար երկարացվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը։ Ինչպես նշել է ծառայության ղեկավարը, կառավարությունը որոշել է լրիվ անցնել կենսաչափական անձնագրերի համակարգին։ «Որոշվել է ավելի մասշտաբային բարեփոխումներ իրականացնել եւ կազմակերպել նոր մրցույթ, որը կնախատեսեր ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին եւ փախստականներին փաստաթղթեր տալու նոր արդիականացված համակարգի ներդրում»,- հավաստիացրել է պաշտոնյան։

Նոր ուղղումները նախատեսում են նաեւ հին անձնագրերի եւ ID-երի տրամադրման ժամկետի երկարացում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում։

Հարցին, թե երբ կտրվեն կենսաչափական անձնագրերը, իշխանության ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել։ «Մինչեւ մրցույթը չանցկացվի, մինչեւ  պարզ չդառնա, թե որ ընկերության հետ ենք գործ ունենալու եւ ինչ ժամկետում կարելի կլինի ներդնել նոր համակարգը՝ ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասել է նա։

Այսպիսով, կենսաչափական անձնագրերի ներդրման ժամկետի մի քանի փոփոխություններից հետո իշխանություններն, ըստ էության, որոշել են հրաժարվել որեւէ ժամկետից։ Նշենք միայն, որ վերջին ժամկետը պետք է լիներ 2023թ. դեկտեմբերի 31-ը։

Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր հերթին հայտարարել է, որ պայմանագիրը նախատեսվում է կնքել արդեն 2024թ. երկրորդ կեսին։ Դրանից հետո, նրա խոսքով, ամբողջ համակարգի ներդրումը կտեւի 12 ամսից ոչ ավելի։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: