հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կայացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը. շիրակցի վկան հայտնել է, որ վիրավորվել էր նրա խոսքերից

Կայացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը. շիրակցի վկան հայտնել է, որ վիրավորվել էր նրա խոսքերից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է 2022թ հուլիսի 15-ին՝ դատական նիստերի դահլիճում՝ իր գործով նախնական դատական լսումների ընթացքում։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը կալանքի տակ էր գտնվում մայիսի 17-ից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար, իսկ որպես հիմք ներկայացվել է մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորյանի հայտնած կարծիքը ՀՀ բնակավայրերից մեկի բնակիչների վարքագծի մասին, մինչդեռ, ՀՀ Քրեական արդեն նախկին օրենսգրքի 226-րդ հոդվածում արգելվում է միայն ՛՛ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ներազգային սոցիալական խմբերի միջև արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ՛՛։

Արմեն Գրիգորյանի մահվանից հետո նրա հարազատները չեն ցանկացել, որ գործը մահվան հիմքով կարվի, նրանք կարծում են, որ Գրիգորյանը պետք է արդարացվի՝ թեկուզև հետմահու:

Գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում:

Այսօրվա նիստի ընթացքում հետազոտվել են մամուլի ասուլիսի տեսագրությունները, որոնք էլ իբրև հիմք էին հանդիսացել քրեական գործի հարուցման համար:

Տեսագրությունների ուսումնասիրությունից հետո դատարանն անցավ վկաների հարցաքննությանը: Վկաներից այսօր միայն մի հոգի էր ներկա՝ Շիրակի մարզից, նա էլ ասաց, որ  վիրավորվել և զայրացել է Գրիգորյանի այն մտքերից, թե Շիրակի մարզի բնակիչները ՛՛թուրք եթիմներ են՛՛: Շիրակցի վկան հայտարարց, որ որպես հայ՝ իր համար վիրավորական էր ՛՛թուրք՛՛ անվանումը:

Նշենք, որ դատակոչված մյուս վկաներն այսօրվա նիստին չէին ներկայացել: Դատարանը որոշեց նրանց ևս մեկ անգամ հրավիրել, իսկ հաջորդ նիստին եթե չներկայանան, դատարանը հարկադրանքի միջոց կկիրառի նրանց նկատմամբ:

Հավելեռնք, որ դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 27-ին, ժամը 11։00-ին:

 

  • Կիսվել: