հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կայացել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

Կայացել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

Կայացել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը։ Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն  ընդգծել է, որ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքում հանդիպում են խնդիրներ, որոնք տարաբնույթ են և առաջին հայացքից կարող են թվալ շատ պարզ, բայց իրականում շատ բարդ են:

«Խախտումները կրկնվում են, կա իրավական կարգավորումների խնդիր և որոշ խնդիրներ գուցե բխում են իրավական կանոնակարգումների բացերից ու թերություններից: Բայց կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են իրավական համակարգերին, այսինքն՝ դատական համակարգին, իրավապահ համակարգին, որոնք պատասխանատու են երաշխիքներն ապահովելու գործում: Կատարելության հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Կիրակոսյանը կարևորել է խախտումների պատճառները հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը.

«Պետք է պարզել, թե ինչու են կրկնվում խախտումները, որոնք են պատճառները, որ կրկին ու կրկին ստանում ենք ՄԻԵԴ վճիռներ, որոնցում արձանագրվում է արդարացի դատաքննության խախտումներ, անձի ազատության իրավունքի և այլ խախտումներ: Երբ որ պետությունը դրանք ուշադրությամբ ռեֆլեքսիայի կենթարկի, դա նաև պետության համար լավ ուղենիշ կլինի ոլորտային բարեփոխումներ իրականացնելու համար»:

  • Կիսվել: