ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը. Դավիթ Հարությունյանը երկրորդ միջնորդությունն է ներկայացրել

Կարեն Անդրեասյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը. Դավիթ Հարությունյանը երկրորդ միջնորդությունն է ներկայացրել

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մերժեց դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից նրան ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Այս մասին այսօր ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Մենք ներկայացրել ենք երկրորդ բացարկի միջնորդությունը՝ կապված այն բոլոր մասսայական խախտումների հետ, որոնք առաջին պահից տեղի են ունեցել: Քանի որ ԲԴԽ որոշումը բողոքարկման ենթակա չեն, հետեւաբար պետք է այստեղ առավել զգուշություն ցուցաբերել, բոլոր կարգերն այնքան խստորեն պետք է պահպանվեն, որ այդ որոշումը կասկածի տեղիք չտա: Սակայն մենք տեսնում ենք, որ առաջին իսկ պահից Անդրեասյանը բոլոր եղանակներով կարգերը, իրավունքները խախտում է եւ սահմանափակում: Երբ Հարությունյանն ուզում է որեւէ միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտել, ասում է՝ թույլ չեմ տալիս: Այսինքն՝ միջնորդությունը քննարկվում է անհավասարության պայմաններում, սա լսված լինելու իրավունքի կոպտագույն խախտում է»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքերից է Կարեն Անդրեասյանի կանխակալ վերաբերմունքը Դավիթ Հարությունյանի նկատմամբ.

«Պարոն Հարությունյանն իր խոսքում ասաց՝ եթե հիմա ես քննադատեմ ԲԴԽ կոնկրետ որոշումը, պետք է ասեք, որ անհարգալից վերաբերմունք եմ դրսեւորե՞լ, պարոն Անդրեասյանն արձագանքեց՝ դուք արդեն բազմաթիվ անգամներ անհարգալից վերաբերմունք դրսեւորել եք: Այսօր քննարկվում է՝ արդյո՞ք պարոն Հարությունյանը քննադատելով ԲԴԽ-ին, անհարգալից վերաբերումք է դրսեւորե՞լ, թե՞ ոչ, պարոն Անդրեասյանն արդեն կանխակալ վերաբերմունք է արտահայտում»:

  • Կիսվել: