ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
«Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ». ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով

«Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ». ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում փաստորեն դատավորը հեռացվել է դատական համակարգից։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա նաեւ նշել է. «Իհարկե, Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել այդ գործը, բայց ակնհայտ է, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն ԱՆդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի։

Պարզ է, որ նույն սուբյեկտի անձնական քինախնդրությամբ հեռացված մյուս դատավորների մասով ևս շուտով ստացվելու են Եվրոպական դատարանի՝ հանցակազմ առաջացնող այլ դատական ակտերը, բայց այս պահին Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են»:

Նշենք, որ «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է Սուրեն Անտոնյանի՝ 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնից ազատելուն։

Նա 2009 թվականին նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ մինչև 65 տարեկանը պաշտոնում մնալու իրավունքով։

Գույքային վնասի առնչությամբ դատարանը գտել է, որ լավագույն փոխհատուցումը կլինի գործի վարույթի վերաբացումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, եթե պրն Անտոնյանը այդպես պահանջի։ Դատարանը որոշել է, որ Հայաստանը պրն Անտոնյանին վճարի 3,600 եվրո՝ ոչ գույքային վնասի համար, և 1,420 եվրո՝ ծախսերի և ծախսումների համար։

 

  • Կիսվել: