չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը լուծարեց «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում էր «Արթիկ» ՔԿՀ-ի ազատազրկվածների կրթությամբ

Կառավարությունը լուծարեց «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում էր «Արթիկ» ՔԿՀ-ի ազատազրկվածների կրթությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 11-ի նիստում որոշեց լուծարել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց (անկախ տարիքից) կրթական գործընթացի կազմակերպումը գտնվում է ոլորտային օրենսդրությունը մշակող, ընդունող պետական կառույցների ուշադրության կենտրոնում։ 

Անհրաժեշտ է վերանայել «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի իրավական կարգավիճակի և նրա հետագա գործունեության իրականացման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալների հանրակրթական ծրագրերի իրականացումը անհրաժեշտություն է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, իսկ Արթիկի երեկոյան դպրոցի գործունեությունը կրում է հատվածական բնույթ՝ քննարկվող ծրագրերն իրականացնելով միայն մեկ քրեակատարողական հիմնարկում:

Մշակվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց (անկախ տարիքից) կրթական գործընթացի կազմակերպման մեթոդաբանությունը և ուսումնական ծրագիրը, որին հաջորդել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայումս իրականացվող հանրակրթական ծրագրի մեկնարկը: Ընդ որում՝ պետք է փաստել, որ Կազմակերպությունը նույն ծրագիրը պետք է իրականացներ անխտիր բոլոր հիմնարկներում՝ առանց բացառության, որը բխում է թե՛ ոլորտային օրենսդրությունից, թե՛ ոլորտային քաղաքականությունից:

Հանրակրթական ծրագրին մասնակցելու վերաբերյալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող 19 և ավելի տարեկան դատապարտյալներից ստացվել են թվով 18 դիմում, որոնք ուսումնառություն են անցնում Կազմակերպության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրի շրջանակներում, սակայն ստացվում է, որ նույն դատապարտյալներն իրենց կրթության իրավունքը միաժամանակ իրացնում են և՛ Կազմակերպությունում, և՛ Արթիկի երեկոյան դպրոցում, որն ինքնին հակասում է բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքին:

  • Կիսվել: