հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքը, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո. Արման Թաթոյան

Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքը, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարզվում է` Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է և դառնալու է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։ Ապահովված չէ անվտանգության անգամ նվազագույն մակարդակ:

Ուշադրություն, որ սա այն այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի մասին չէ խոսքը, որի դիտարկման մասին բարձրաձայնել էի ամիսներ առաջ։

Այս նոր կառուցվող ճանապարհը փոխարինելու է Կապանից դեպի Ճակատեն և ևս 5 գյուղեր տանող այն ժամանակավոր այլընտրանքային ճանապարհը, որը սկսվեց շահագործվել 2020թ. նոյեմբերին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հիմնական ճանապարհն արգելափակելուց հետո և ներկայում էլ շահագործվում է՝ անցնելով Կապանի Գեղանուշ գյուղով:

Որպես հիմնական կառուցվող՝ նոր ճանապարհն անցնում է ոչ թե Գեղանուշով, այլ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած հիմնական ճանապարհի անմիջական հարևանությամբ՝ այդ ճանապարհի անմիջապես «տակով»:

Այս խիստ մտահոգիչ նոր փաստերը վեր ենք հանել Սյունիքի մարզի Կապան համայնքում մոտ 10 օր առաջ իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում՝ կապված ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհն հանցավոր արարքներով արգելափակելուց հետո ստեղծված վիճակի հետ:


ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը հաշվետվություն տա, թե ինչու է Սյունիքում Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքային ճանապարհը կառուցում ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո գտնվող հատվածներով՝ առանց ճանապարհի անվտանգությունն ապահովելու:

Ի՞նչ պատասխան կա մարդանց կյանքի ու անվտանգության համար այս բացարձակ անթույլատրելի վիճակի համար:

Ընդ որում, Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց ստացվում է` Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները և գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որ մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու:

Ինքս անձամբ տեսել եմ Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, անցել եմ այդ ճանապարհով Կապանի համայնքի ղեկավարի տեղակալների ուղեկցությամբ, այն լիարժեք հնարավոր էր կառուցել` շրջանցելով ադրբեջանական անմիջական զինված դիտարկումը և դրանով ապահովել գոնե նվազագույն անվտանգություն: Ընդ որում, Կառավարությանն առաջարկվել է ճանապարհի առնվազն 2 տարբերակ, որոնցից որևէ մեկը Կառավարությունը չի ընդունել:

Ի՞նչ իմաստ ունի այսքան ռեսուրս վատնելը ու մարդկանց տեղերում չարչարանքը, երբ անվտանգությունը լուծված չէ, ընդհանրապես անտեսված է։ Առանց այն էլ Սյունիքում ադրբեջանական զինված ծառայողներն ամբողջությամբ խաթարել են անվտանգությունը:
Այս հրապարակմանը կից լուսանկարներում ցույց են տրված Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհը, ադրբեջանական անօրինական տեղակայումները և, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը: Ընդ որում, լուսանկարները՝ որպես ապացույցներ, արված են ինչպես կառուցվող ճանապարհից, այդ ճանապարհի հարևանությունից, այնպես էլ Գեղանուշ գյուղի հատվածից:
Հատուկ եմ նշում, որ այս հատվածներում տեղակայումներ ունեն և հերոսական ծառայություն են տանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները, բայց դրանք հրապարակվող լուսանկարներում չեմ ցույց տալիս:

Առհասարակ, ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական ցուցանակներն ու դրոշները ՀՀ գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին Գեղարքունիքում ու Սյունիքում հայտնվեցին 2020թ. ադրբեջանական սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նոր պատերազմի սպառնալիքների ներքո ու շարոունակվող հայատյացության քաղաքականության պայմաններում: Այդ ժամանակից սկսած նրանք, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, հանցավոր արարքներով ամեն օր խախտում են ՀՀ բնակիչների իրավունքները, նրանց պատճառում են զրկանքներ:

Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների, նրանց դրոշների ու ցուցանակների հայտնվելուց հետո խաթարվել է թե՛ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերթ գյուղերի, թե՛ Կապան քաղաքի անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:


Իսկ այդ ճանապարհին, այսպես կոչված, սահմանային ու մաքսային հսկողություն անօրինական սահմանելուց ու ճանապարհն արգելափակելու հետո մեկուսացման և հումանիտար լուրջ խնդիրներ են առաջացրել նշված բնակավայրերի համար, դիտարկման ներքո են պահում ՀՀ քաղաքացիական բնակիչների:

Ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որ մարդկանց անվտանգությունը լինի ապահովված: Անկախ դրանից` երբեք չի կարելի անտեսել անվտանգության հարցերը։

Փաստահավաք աշխատանքի նոր տվյալներն ամբողջացվելու են և օգտագործվելու են տարբեր հարթակներում մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։
Հրապարակում եմ լուսանկարներ, որ ցույց են տալիս`

1) ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող նոր ճանապարհը, վտանգները Կապան համայնքի համար.

2)Կառավարության կողմից կառուցվող ճանապարհի` ադրբեջանական զինված ծառայողների կողմից դիտարկվող հատվածներ.

3) Կապան համայնքի առաջարկած և Կառավարության կողմից մերժված՝ ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո չգտնվող այլընտրանքային ճանապարհ (ճանապարհահատվածի անցանելիության օրինակներ): Հրապարակվում է այնպիսի լուսանկար, որ ամբողջական տեղանքը ցույց չի տալիս»:

  • Կիսվել: