շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կալանքների հետ կապված խնդիրը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ամենահամակարգայիններից մեկը. ՄԻՊ

Կալանքների հետ կապված խնդիրը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ամենահամակարգայիններից մեկը. ՄԻՊ

Նախորդ տարվա կտրվածքով մեր հիմնական բարձրաձայնվող խնդիրներից մեկը եղել է նաև քրեական վարույթների համատեքստում երաշխիքների ապահովման ու հակառակը՝ դրանց պահպանման հետ կապված տարաբնույթ խնդիրների առկայության հարցը: Այս մասին «2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը» ներկայացնելիս ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձավ նաև կալանքների հետ կապված խնդրին: 

«Իմ խորին համոզմամբ՝ սա Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ամենահամակարգային խնդիրներից մեկը այսքան բարձրաձայնումներից հետո: Ընդ որում՝ այն իրավիճակում, որ եթե տարածաշրջանային մակարդակով համեմատենք, կամ տարբեր եվրոպական պետությունների հետ, վիճակագրությունը, հատկապես համամասնությունը՝ դատապարտված անձանց և կալանավորված անձանց, շատ պարադոքսալ է ու տարօրինակ, որովհետև կալանավորված անձինք շատ ավելի մեծ թիվ են կազմում: Այս տարի գուցե 50 տոկոսից ավելի չէր ցուցանիշը, մի փոքր իջել էր, բայց դա չի փոխում իրականությունը»,- նկատեց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ եթե մենք տասնամյակներ շարունակ արձանագրում ենք այս խնդիրները, այդքան խոսում այդ խնդրի մասին, հղում կատարել ընդամենը նրան, որ ամեն գործով անհատական ակտ է կայացվում, հետևաբար ոչինչ չի կարելի անել, նշանակում է՝ ստանձնել կոլեկտիվ անպատասխանատվություն:

ՄԻՊ-ը խնդրի լուծման ուղղությամբ կարևորեց ջանքերի գործադրումը՝ այս խնդիրը Հայաստանում պատշաճ լուծելու առնչությամբ:

  • Կիսվել: