հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կալանավորվել է՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Կալանավորվել է՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես  InfoPort.am-Ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 7-ին, Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում կիսակառույց եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, իր ընկերների և այլ անձանց ուղղությամբ Արարատ գյուղի բնակիչը ինքնաձիգից 3-4 մենահատ կրակոց է արձակել, սակայն իրենք վնասազերծել են նրան՝ ձեռքից վերցնելով ինքնաձիգը, որը հետագայում ներկայացվել է իրավապահներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի փամփուշտի 2 հատ կրակված պարկուճ և ինքնաձիգի մեկ հատ փամփշտատուփ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Արարատ գյուղի 40-ամյա բնակիչը, հայտնաբերվել է և ձերբակալվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: