ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է․ ներքնազգեստի մեջ հայտնաբերել են երկու փաթեթ

Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է․ ներքնազգեստի մեջ հայտնաբերել են երկու փաթեթ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ:

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել Գ. Ն.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են երկու փաթեթ:

Նշված փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութին նմանվող, 2,13 գրամ քաշով, շագանակագույն զանգված, մյուս փաթեթում՝ 0,90 գրամ քաշով, սպիտակ զանգված:

Ա. Ս.-ն բանավոր հայտարարել է, որ նշված զանգվածները հանդիսանում են թմրանյութ, և դրանք նախատեսում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում:

Քաղաքացի Ա. Ս.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: