ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կալանավորն ինքնավնասման է դիմել՝ դեղորայք չստանալու պատճառաբանությամբ. «Արմավիր» ՔԿՀ-ում բժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել

Կալանավորն ինքնավնասման է դիմել՝ դեղորայք չստանալու պատճառաբանությամբ. «Արմավիր» ՔԿՀ-ում բժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Հ. Բ-ն երեկ՝ փետրվարի 18-ին, դիմել է ծայրահեղ քայլի՝ ամորձիները մեխել է աթոռին, այն բանից հետո, երբ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները հրաժարվել են դեղորայք տրամադրել, գրում է «Հետք»-ը։

Հ. Բ.-ի փաստաբան Էդգար Թովմասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ և ընդունում է հանգստացնող դեղորայք, սակայն, երեկ բժիշկները հրաժարվել են դեղ տրամադրել, ինչը կալանավորին դրդել է ծայրահեղ քայլի:

«Գնացել էի տեսակցության: Նույնիսկ այդ վիճակում գտնվող կալանավորին բուժoգնություն չտրամադրեցին: Բժշկին կանչեցինք, չեկավ, գործադուլ էին անում»,- ասում է փաստաբանը:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանն ասաց, որ երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատող ՊՈԱԿ-ի բուժանձնակազմը բողոքի ակցիա է կազմակերպել, քանի որ «որոշակի լարվածություն է առաջացել թմրամոլների մոտ»: Վերջիններս, առանց բժիշկի ցուցումների, պահանջել են հոգեմետ դեղեր, ինչը բժիշկները չեն տվել:

«Բացի այդ, կադրային հարցեր ունենք: Այնտեղ չենք կարողանում ապահովել հոգեբույժի հաստիք, որ կարողանա խորհրդատվություն մատուցել: Կադրային հարցը շատ լուրջ է: Աշխատավարձն էլ ենք բարձրացրել, և այլն, բայց դեռ խնդիր կա կադրային հարցում, ռիսկայնությունը մեծ է»,- նշում է Ա. Հովհաննիսյանը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ «Արմավիր» ՔԿ-ն մեծ հիմնարկ է, հիվանդները շատ են: Նույնիսկ քաղաքացիական հիվանդանոց ազատազրկվածին տեղափոխելը դժվարություններ է առաջացնում: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի՝ երբեմն ազատազրկվածերը պայմանավորվածություն են ունենում իրենց բժշկի հետ և պահանջում են, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն նույն պահին:

Արա Հովհաննիսյանն ասում է, որ մեկ անգամ արդեն վերանայել են «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմը, քննարկում են առաջիկայում ևս թիվն ավելացնել: Սակայն ՊՈԱԿ-ի տնօրենի ասելով՝ հարցը հաստիքը չէ: Այս պահին ունեն մեկ դրույքով թափուր հաստիք, որից 0,5 դրույքը՝ հոգեբույժի, սակայն չեն կարողանում համալրել: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբույժն է պարբերաբար գնում «Արմավիր» ՔԿՀ:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ն ունեցել է հոգեբույժ, սակայն վերջինս դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից, որից հետո թափուր հաստիքը չեն կարողանում լրացնել:

«Աշխատող բժիշկներն էլ արդեն ասում են, որ չեն ուզում աշխատել՝ հասկանալի պատճառներով: Հիմնական խնդիրը հիվանդների մեծ թիվն է, թմրամոլների ապօրինի պահանջները»,- ասում է Արա Հովհաննիսյանը:

«Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը երեկ եկել է «Արմավիր» ՔԿՀ: Քննարկում է եղել, կարծես թե գտել են լուծումը: Կանոնակարգել են, թե որ հիվանդը երբ պետք է գա: Միանգամից մի շարք հիվանդներ էին գալիս բուժմաս և բուժանձնակազմը չէր հասցնում օգնություն ցուցաբերել: Բոլոր հարցերով անարգել գալիս, մտնում են բուժանձնակազմի մոտ, նույնիսկ եթե բժիշկն այդ պահին բուժօգնություն է տրամադրում ուրիշին, պահանջում են, որ իրենց էլ օգնություն ցուցաբերվի»,- պատմում է Արա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս ամիսներ առաջ անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկների բժիշկների աշխատավարձերի, թափուր հաստիքների ու արտոնություններից զրկվելու հարցերին: 2019թ. սեպտեմբերից փաստացի գործում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որով դադարեցվել է քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների գործունեությունը: Կրճատվել են քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորները:

Գրել էինք, որ նախկինում բժշկական անձնակազմն օժտված էր զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներով, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակով: Մինչդեռ համակարգային փոփոխության հետևանքով համակարգում աշխատող բուժաշխատողները զրկվել են նման արտոնություններից: Կառավարությունն առաջարկում է այն փոխարինել սոցիալական փաթեթներով, ինչն այնքան էլ գրավիչ չէ նրանց համար:

  • Կիսվել: