երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված երեք վկաները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ

Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված երեք վկաները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված վկաները՝ Մհեր Առաքելյանը, Ֆրունզե Ստեփանյանը և Ալեքսան Մկրտչյանը, Ջալալ Հարությունյանի մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներ են տվել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, կայացած նիստի ընթացքում հարցաքննվել են դատակոչված երեք վկաներ՝ Ցոր զորամասի կապիտանը և նույն զորամասում ծառայող երկու զինծառայող, որոնց ցուցմունքները, ինչպես նշեցինք, Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։

«Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ հրամանատարությունից ստացել են հայտարարություն, որ մոտեցող զորախումբը «հաստատ մերոնք են», ինչի հետևանքով էլ նրանք համարել են, որ զորախումբը, որը գալիս է դեպի Ցորի դիվիզիոնի ուղղությամբ, հանդիսանում են մեր զինծառայողները և կրակ չեն բացել, չեն լքել մարտական դիրքը՝ մտածելով, որ մոտեցողը հակառակորդը չէ, ինչի հետևանքով հակառակորդը եկել և շրջափակել է հրետանավորներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ այս պահին հարցաքննվել են դեռևս այս երեք վկաները, որոնք բոլոր հարցադրումներին հստակ պատասխանել են, որ անգամ իրենք են լսել հրամանը, որ «մերոնք են, 100 տոկոսով մերոնք են, շարունակեք ձեր գործառույթը»։ Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 25-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունները։ Դատակոչված վկաները հիմնականում նույն զորամասի զինծառայողներն են, բանակի հրամանատարական կազմը, բարձրաստիճան սպաները, որոնք գտնվել են Ջալալ Հարությունյանի հետ նույն կետում և լսել են հրամանները, ինչպես նաև՝ տուժողների իրավահաջորդները։ Ընդհանուր առամամբ՝ հարցաքննման ենթակա անձանց քանակը մոտ 50-ից ավել է։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

  • Կիսվել: