ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր

Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում որդեգրած քաղաքականությամբ առաջնահերթությունը տալիս է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու և խախտում չկատարելու տրամաբանությանը:

Հետևաբար ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց պատգամավորը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը: 

«Առավելագույն 100 000 դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 000 դրամով այն դեպքում, երբ չունեն ԱՊՊԱ պայմանագիր, չեն վարել տրանսպորտային միջոցը:

Ներկայում այս կարգավորումներով ՃՈ-ն տարվա մեջ 20 անգամ կարող է 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն տրանսպորտային միջոց, սակայն չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

Հիմա նվազեցրել ենք իրավախախտումների վերաբերյալ որոշումներ կայացնելու քանակը և սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավելի՝ ընդհանուր չգերազանցելով 50 հազար դրամը: Միջին ապահովագրությունը Հայաստանում 35-40 հազար դրամ է, հետևաբար տրամաբանական չէ անձին 100 հազար դրամով տուգանելը»,- ասաց Խաչատրյանը:

Նրա համոզմամբ՝ իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին չի համապատասխանում նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում նախատեսված 100 000 դրամ տուգանքը:

«Հետևյալ կարգավորումն ենք առաջարկել, որ անձն ազատվում է 75 տոկոս տուգանքի վճարման պարտականությունից և վճարում ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե 24 ժամվա մեջ արձանագրությունը կազմվելուց հետո ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր:

Այսինքն՝ եթե ոստիկանությունն արձանագրում է իրավախախտումը, որոշում է կայացնում 100 հազար դրամ տուգանել, և քաղաքացին 24 ժամվա մեջ ներկայացնում է ապացույց, որ ինքն արդեն ունի ԱՊՊԱ պայմանագիր, նա վճարում է ընդամենը 25 հազար դրամ»,-ասաց Խաչատրյանը: 

  • Կիսվել: