չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինձ համար անհասկանալի է այս գործը, երբեք չեմ խախտել օրենքը․ Արա Բաբլոյան

Ինձ համար անհասկանալի է այս գործը, երբեք չեմ խախտել օրենքը․ Արա Բաբլոյան

Ինձ համար անհասկանալի է այս գործը, երբեք չեմ խախտել օրենքը և սահմանադրությունը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Բայց հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ Ազգային ժողովի նախագահ։ Որպես ԱԺ նախագահ՝ միշտ իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը։ Դրա համար ԱԺ-ն ունի 650 հոգանոց աշխատակազմ, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները։ Ես Գագիկ Հարությունյանից ստացել եմ փաստաթուղթ և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որով ես հայտարարությամբ եմ հանդես եկել։ Ես ինձ թույլ չեմ տվել ասել՝ այսպես կամ այնպես արեք։ Իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը», - ասաց Արա Բաբլոյանը։

Ինչ վերաբերում է օրերին, Բաբլոյանն ասաց, թե դրանք որևէ նշանակություն չունեն.

«5-ին հրապարակվել է իմ հայտարարությունը, և, ըստ օրենքի, դրանից 7 օր հետո եղել է 2-րդ հայտարարությունը։ Մնացած օրերը, որոնց մասին հրապարակել են, համարում եմ գործավարական փնթիություն, որոնք որևէ իրավական հիմք չունեն», - ասաց Բաբլոյանը: 

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

  • Կիսվել: