Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել. Հովիկ Աղազարյան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովի նիստին իր դեմ հարուցված քրեական գործերից, որի շրջանակում գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ, որոշ մանրամասներ ներկայացրեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:
Հովիկ Աղազարյանը նախ ճշգրտեց, որ քրեական գործերում 1 Աշոտիկ և 1 Աշոտ է եղել, ինչպես նաև 2 Սլավիկ, քանի որ այս հանգամանքը գործը խճճում է, ապա որոշ մանրամանսեր պատմեց:
«Սլավիկ Պողոսյանի տղան աշնան կողմերը հանդիպում էր խնդրել, և մենք հանդիպեցինք, և նա ասաց հետևյալը, որ իր պապան հիվանդ է, այդ պահին խափանման միջոցը փոխել էին տնային կալանքի, և եթե հայտնվի անազատութան մեջ, խիստ դժվարություններ կունենա, և խնդրում էր, որ ես օգնեմ իրեն այդ հարցում, և եթե ես չօգնեմ, ապա իր պապան ստիպված կլինի ցուցմունքներ տալ: Ես այդ մասին քննիչին տեղյակ եմ պահել»,- պատմեց նա:
Հովիկ Աղազարյանը նաև հայտարարեց, որ «Սլավիկ Պողոսյանի» և «Աշոտիկի» հետ հանդիպման ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու խոսակցություն:
«Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ես ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել այդ առաջարկությանը»,- ասաց նա, և հիշեցրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, և տարօրինակ չէ, որ այս ընթացքում իրեն շատերն են դիմել տարբեր հարցերով:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ նրա նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու, ինչը տեղի կունենա, երբ խորհրդարանի համաձայնությամբ Հովիկ Աղազարյանը զրկվի պատգամավորական մանդատից: