Ինչպե՞ս եք թիկնապահներին զանազանելու ընկերներից, որ ընտանիքի աչքի առաջ չպառկեցնեք ասֆալտին. Բագրատյանը՝ փոխնախարարին
Դուք նշեցիք, որ պահպանվող անձը պետք է շրջի մեկ մեքենայով և երեք թիկնապահով, այդ թվում վարորդ թիկնապահով. մենք իրակնության մեջ հաճախ տեսնում ենք երկու մեքենա, բայց հնարավոր է, որ երկրորդ մեքենայում լինեն տվյալ անձի ընկերները։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով նախագիծը ներկայացնող ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին:
«Երբ ոստիկանությունը ցանկանում է այս հոդվածը կիրառի, քաղաքացին նշում է, որ երկրորդ մեքենան թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Մենք ինչպե՞ս ենք զանազանելու, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետև իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանալ որպես գործընկերներ»,-ասաց նա:
Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Նախագիծը, ըստ էության, վերաբերվում է բացառապես պահնորդական գործունեության իրականացման շրջանակին և այդ շրջանակներում պահնորդների քանակին։ Իհարկե, մենք չենք բացառում, որ կարող են երկու կամ երեք տրանսպորտային միջոցով ընկերներ կամ ընտանիքով շրջագայեն։ Եթե մենք այս շարասյուներում վտանգ կամ կասկած, որևիցե իրավախախտման կամ հանցագործության առերևույթ հատկանիշներ կտեսնենք, այլ գործիքակազմերով մենք կհակազդենք այդ իրավիճակին։
Այս նախագիծը վերաբերում է բացառապես մասնավոր պահանորդական գործունեության շրջանակում իրականացված և ուղեկցող տրանսպորտային միջոցի արգելքին»:
Սերգեյ Բագրատյանը կրկնեց իր հարցը. «Ինչպե՞ս ենք տարբերակելու: Հաճախ քաղաքացիների շրջանում տարածված խոսույթ է, որ այսինչ գործարարին և նրան ուղեկցող անձանց պարկեցրել են գետնին: Ես ուզում եմ հասկանալ, պետք է սկզբից ստուգել, տեսնել դա իրականությո՞ւն է, թե՞ ոչ, թե՞ պետք է պարկեցնել, նոր ստուգել:
Ճիշտ կլինի նախ հասկանանք ովքեր են, որովհետեւ պարզում է՝ ընտանիքի անդամների, երեխաների, կանանց ներկայությամբ, որոշակի մարդկանց դժվար վիճակի մեջ են դնում։ Այս կարգավորումը մենք կարո՞ղ ենք օրենքի լրացում անելով կարգավորել և կարգավորում է օրենքը դա, թե ոչ»:
Արմեն Մկրտչյանը նկատեց, որ նկարագրած իրավիճակը մի փոքր դուրս է օրենքի կարգավորման առարկայից. «Կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն»: