կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինչպե՞ս է ստացվում, որ գործերի բաշխման համակարգը չի աշխատում, և կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին գործեր են մակագրում․ Վարդևանյան

Ինչպե՞ս է ստացվում, որ գործերի բաշխման համակարգը չի աշխատում, և կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին գործեր են մակագրում․ Վարդևանյան

Դատարաններում առկա իրավիճակն անմիջականորեն վերաբերում է նաև ՀՀ անվտանգության հետ կապված խնդիրներին։ Վստահ եմ՝ շատերն են տեղյակ, թե Սյունիքի համայնքների նախկին ու ներկա ղեկավարներն ինչու են կալանավորված։ Նրանց կալանավորումն անմիջականորեն ազդում է ՀՀ անվտանգության վիճակի վրա։ Սա պարզ է բոլորին, բայց այդ մարդիկ շարունակում են մնալ կալանավորված։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա ակնառու օրինակ բերեց՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համայնքում մեծ հեղինակություն է վայելում և ջոկատ կազմելով՝ Սիսիանում ռազմավարական նշանակության դիրքեր է պահել, կրկին կալանավորվել է՝ այն դեպքում, երբ նրան առաջադրված մեղադրանքի և քրեական գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնացել էին շաբաթներ, իսկ վաղեմության ժամկետը լրանալու դեպքում անձին չեն կալանավորում։

«Արթուր Սարգսյանին կալանավորող Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որի պատճառով իրավաբանները ցանկանում են իրենց դիպլոմները պատռել, որովհետև նույն դիպլոմից ունի նաև Արմեն Դանիելյանը»,- ասաց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ Դանիելյանը մասնագիտական շրջանակում հայտնի է մարդկանց կալանավորելու իր «մոլուցքով»։

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ի իրավական հարցերով քննիչ հանձնաժողովի շրջանակում իրենք փորձելու են պարզել՝ ինչպե՞ս է ստացվել, որ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի բացակայության դեպքում Արթուր Սարգսյանի գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել։

«Ինչպե՞ս է ստացվում, որ գործերի բաշխման համակարգը չի աշխատում, և կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին գործեր են մակագրում։ Վերաքննիչ քրեական դատարանում ուրիշ դատավոր չկա՞։ Փաստաբանական ամբողջ համակարգը տարիներ ի վեր խոսում է, որ Արմեն Դանիելյանն իրավունքի հետ առնչություն չունի։ Ինչպե՞ս է ստացվում, որ նրա նկատմամբ, Մնացական Մարտիրոսյանի ոչ մի իրավական վարույթ չկա, ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր այն դատավորները, որոնք միայն մարդկանց իրավունքներն են կարողանում խախտել, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ չկա։ Ո՞րն է սկզբունքը»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Նա ավելացրեց, որ այս հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով պաշտոնատար անձանց հրավիրելու են իրավական հարցերի քննիչ հանձնաժողով, ապա, հանձնաժողովի գործունեության ավարտին, զեկույց են պատրաստելու, որտեղ ներառելու են նաև պատկան մարմինների դիրքորոշումները։

  • Կիսվել: