ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ հայտարարությունը քաղաքական հիմք կունենար. Թաթոյանը՝ Մարուքյանի և Սիմոյանի վեճի մասին

Իմ հայտարարությունը քաղաքական հիմք կունենար. Թաթոյանը՝ Մարուքյանի և Սիմոյանի վեճի մասին

«Դա ոչ պատահականություն է, ոչ օրինաչափություն է, ոչ թերացում, դա օբյեկտիվ աշխատանք է»,- այսպես արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԱԺ դահլիճում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքը ՄԻՊ-ի կողմից որևէ արձագանքի չի արժանանում, սակայն հետո հայտարարություն են տարածում մեկ այլ դրվագի վերաբերյալ և մատնանշում կնոջ հանդեպ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանքը:

«Սա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում»,- դիմելով ՄԻՊ-ին՝ ասաց պատգամավորը։

Նշենք, որ նա նկատի ունի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը և այդ ժամանակ Ալեն Սիմոնյանի՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված արտահայտությունը, որին անդրադարձել էր ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանն ասաց, որ խոսքը կնոջ պաշտպանության մասին է, նրա սեռի թիրախավորմամբ վիրավորանք հասցնելուն.

«Ինչ վերաբերում է դրանից առաջ երկու պատգամավորների՝ միմյանց վիրավորանք հնչեցնելուն, իմ հայտարարությունը քաղաքական հիմք կունենար: Հետևաբար, ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել: Իսկ կնոջ դեպքն այլ հարթություն է, հարցը զգայուն է և այլ չափանիշ ունի»:

Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ համամիտ չէ Արման Թաթոյանի հետ։

«Այն սեռական բնույթի հայհոյանքը, որը հնչել է ԱԺ-ում, դրանից ավելի վատ օրինակ չեմ կարող գտնել՝ մարդու արժանապատվությունը նսեմացնելու համար: Իսկ եթե կնոջ սեռի մասին է խոսքը, ապա ասեմ, որ Դուք չեք արձագանքել։ Խոսքը նույն խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի՝ քաղավիացիայի ղեկավարին ուղղված արտահայտությանն է վերաբերումը, որը ևս սեռի հիմքով էր պայմանավորված և վիրավորական էր։ Այն ուղղված էր Քաղավիացիայի ղեկավարին՝ Տաթևիկ Ռևազյանին»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Էդմոն Մարուքյանը Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» էր անվանել:

Արման Թաթոյանն էլ նշեց, որ մարդկային առումով իր համար տհաճ էր, որ խորհրդարանում նման միջադեպ եղավ, բայց ՄԻՊ-ը չի կարող քաղաքական նշանակության միջադեպի հետ կապված կոնկրետ մարդկանց հետ կապված գնահատականներ տալ:

«Դուք պատկերացնո՞ւմ եք դրանից հետո ՄԻՊ-ի աշխատանքը։ Ես առհասարակ իմ աշխատանքի ընթացքում անում եմ կանխարգելիչ հայտարարություններ, որ նման միջադեպերը բացառվեն։ Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանին, երկու կարծրատիպ կոտրեմ. ՄԻՊ-ի գործառույթը ոչ թե պաշտոնատար անձին պաշտպանելն է, այլ քաղաքացուն, իսկ որոշ դեպքերում՝ ընդդիմությանը, եթե հարցն իրավունքներին է վերաբերում: Օրենքը պետական կառավարման մարմիններին և ՏԻՄ-երին արգելում է ՄԻՊ-ին դիմել: Այո, այդ երևույթը մարդկային առումով տգեղ է: Իհարկե, վիրավորական է հղի աղջկա հանդեպ նման արտահայտությունը, բայց ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել պետական կառավարման մարմինների ղեկավարներին։ Դա օրենքն է արգելում»,- ասաց Արման Թաթոյանը։

  • Կիսվել: